Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Corriere della Sera պարբերականին:
«Եթե միջազգային հանրությունը միասնականորեն պատասխաներ Հայոց ցեղասպանությանը, 20-րդ դարը բոլորովին այլ կլիներ: Այսօր, հավանաբար, ստիպված չէինք լինի խոսել այն մասին, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնությունների հետ: Հայտնի է, որ հրեաների Հոլոքոստի մտադրության մասին Հիտլերն առաջին անգամ հայտնել է 1939 թվականին, երբ իր Գլխավոր շտաբին հայտարարել է. «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածների մասին»: XX դարի դասերը թերագնահատելու միտում կա: Հակառակ դեպքում, խստորեն կդատապարտեին»:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երևանը պատրաստվում է հիշատակի արարողություններին՝ կոչ ուղղելով ամբողջ աշխարհին: Իտալիա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին զրուցեց Corriere della Sera-ի հետ:
«100-րդ տարելիցի համար մեր ուղերձն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը: Սա միջազգային հանրությանն ուղղված քաղաքական ջանքերի կոչ է, և մենք դրա բարոյական իրավունքն ունենք: Նման հանցագործությունների կանխարգելումն ու դատապարտումը չպետք է զոհաբերվեն աշխարհաքաղաքական շահերին: Քսաներորդ դարը վառ դաս է, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե չլինի այն, ինչի մասին խնդրում ենք: Ցավոք, ցեղասպանությունների դարը, վախենամ, չի ավարտվել: Մերձավոր Արևելքում, որտեղ գլխավոր թիրախն էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, մենք նպաստում ենք ցեղասպանության ծնվելուն: Հասել է պահը, երբ համատեղ գործողություններ են անհրաժեշտ:
-Ինչո՞ւ 100 տարի անց դեռևս դժվար է համաձայնության գալ այն հարցում, թե ինչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ ենք խուսափողականություն և լռություն տեսնում, ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայի կողմից:
-Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը չի վիճարկվում, նույն թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտել է ցեղասպանության հեղինակներին: Անկարան նույնիսկ ընդունում է, որ եղել են հայ քաղաքացիական բնակչության սպանություններ: Որոշ պետություններ դա կոչում են ցեղասպանություն, որոշ պետություններ՝ կոտորածներ, մյուսները՝ ողբերգություն: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ճանաչման բացակայությունը պայմանավորված է Թուրքիայի հետ նրանց շահերով:
-Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները դրական ուղիով են զարգանում: Վերջին 4 տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կրկնապատկվել է՝ 127 միլիոնից հասնելով 214 միլիոն դոլարի: Ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում։
-Մեր երկրներին միավորում են նշանակալի շահերը, համամարդկային նույն արժեքների ընդունումը: Մեր դիվանագիտական հարաբերություններն ընդամենը 24 տարվա պատմություն ունեն, սակայն մեր հարաբերությունները հիմնված են հազարամյա անցյալի վրա: Հռոմի հետ առևտրային հարաբերություններում մենք պարզապես վերականգնում ենք այն, ինչը գոյություն է ունեցել վաղուց՝ միջնադարում, երբ իտալական քաղաք-պետությունները գործում էին հայ առևտրային ուղիներով: Վստահ եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի՝ առևտրաշրջանառությունը ևս մեկ անգամ կրկնապատկելու համար: Եվ սա՝ գործարար միջավայրի զարգացման նպատակով օտարերկրյա ընկերությունների համար սահմանված արտոնությունների և հնարավորությունների շնորհիվ:
-Արևմտյան Եվրոպայի երկրների և Ռուսաստանի հարաբերությունների խիստ լարվածության շրջանում Հայաստանն առանձնահատուկ դիրք ունի: Հունվարի 1-ից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ դուք Եվրասիական տնտեսական միության անդամ դարձաք: Սակայն, միաժամանակ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի համար բանակցություններում առաջընթաց եք ապրում: Ինչպե՞ս եք համատեղում և մեկը, և մյուսը: Կարո՞ղ է Հայաստանն օրինակ դառնալ, եթե հիշենք ՈՒկրաինային, որտեղ ճգնաժամը ծնվեց հենց զարգացման երկու սցենարների միջև կոնֆլիկտի պատճառով:
-Տասնամյակներ շարունակ հայկական տնտեսությունը սերտորեն կապված է եղել նախկին Խորհրդային Միության երկրների հետ: Մեր առևտրային խոշորագույն գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեր արտահանած ապրանքների մեծ մասը շուկայում իր տեղն ունի: Մյուս կողմից, մենք չունենք էներգետիկ ռեսուրսներ, գազը և նավթամթերքը ներկրում ենք Ռուսաստանից: ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ մենք էներգիակիրների համար բարենպաստ գներ ստացանք: Մեր որոշումը տրամաբանական և ռացիոնալ էր: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ մեր հարաբերություններին. կառույցն անգնահատելի ներդրում ունեցավ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործում: Այդպիսով, մեր ընտրության հիմքում շահերի և արժեքների համադրությունն է: Մենք իրատես ենք: Կարևորը մեր բոլոր գործընկերների հետ անկեղծ լինելն է: Ինչ վերաբերում է օրինակ դառնալուն, այսօր դժվարանում եմ ասել: Ժամանակը լավագույն դատավորն է: Բայց վստահ եմ. ապագայում մենք կհասնենք ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև շատ սերտ համագործակցության հաստատման:
-Իսկ Հայաստանը խթա՞ն կդառնա:
-Արտաքին քաղաքականության մեր ռազմավարական հայեցակարգի հիմքում ոչ թե հակադրությունն է, այլ համագործակցությունն ու համաշխարհային ուժային կենտրոնների փոխգործակցությունը: Մեկ այլ օրինակ. մենք ՀԱՊԿ հիմնադիր երկրներից ենք, որում ներառված են նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ, բայց, միաժամանակ, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»: